← К описанию

Սուսաննա Հարությունյան, Աննա Ղազարյան - ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐ



թարգմանությունը՝ Մելանիա Միքայելյանի

շարվածքը՝ Նինետա Ադամյանի

շապիկի ձևավորումը՝ Արաբո Սարգսյանի


© Սուսաննա Հարությունյան, 2019

© Աննա Ղազարյան, 2019

© Մարիա Ղազարյան, 2019


ISBN 978-5-0050-6036-5

Создано в интеллектуальной издательской системе Ridero

Թանկագի՛ն ընթերցող

Մանկություն: Պատահել է այնպես, որ XXI դարում երեխաները հիմնականում խաղում են Ֆեորբի, Տամագոչի, համակարգչային խաղեր և այլն: Իսկ ինչպիսի՛ն են հետևանքները: Ներփակում սեփական վիրտուալ տարածքում: Շատերը նույնիսկ հետ են վարժվել իրենց մտքերը բանավոր շարադրելուց:

Բայց ստեղծագործությունը օգնում է իրականացնել մանկական երազանքները: Հարկավոր է հավատալ ինքն իրեն և շատ աշխատել: Աստված կօրհնի:

Եվ ահա ձեր առջև են Արևիկը և Մաքսիմը իրենց ընկերների հետ: Նրանց երևակայական խաղերը ձեզ որոշ ժամանակով կհեռացնեն վիրտուալ աշխարհից:

Հեղինակների կողմից

Գլուխ 1. Ա'խ, այդ խցանումները

Բարև՛, թանկագին ընթերցող: Ես ուզում եմ ձեզ պատմել փոքրիկ աղջկա հեքիաթային պատմությունը, որը ծնվել էր Մոսկվայում: Նրան անվանում էին Արևիկ: «Ինչ տարօրինակ անուն է», – հավանաբար, մտածում եք դուք: Գոյություն ունի՞ այդպիսի անուն, կամ կարո՞ղ են Ռուսաստանում այդպես անվանել աղջկան: Առաջին, հեքիաթներում ամեն ինչ հնարավոր է, երկրորդ, Ռուսաստանում ինչպես ուզում են, այնպես էլ անվանում են աղջկան: Ախր նա այնքան պայծառ, լուսաշող երեխա էր, որ ինքը Աստված էր պատվիրել նրան տալ այդ անունը: Ճիշտ է, ինչպես ձեզ, այնպես էլ նրա տատիկներին, պապիկներին, հորաքույր-մորաքույրներին, հորեղբայր— քեռիներին և մյուս ազգականներին դա տարօրինակ էր թվում, բայց ժամանակի ընթացքում նրանք հասկացան, որ այդ անունը որքա՜ն շատ է սազում նրան: Պետք է ասել, որ ընտանիքը շատ լուրջ էր վերաբերվում անվան ընտրությանը: Չէ՞ որ կարծիք գոյություն ունի, թե երեխայի անունը ազդեցություն է թողնում նրա ճակատագրի վրա: Դրան շատերն են հավատում, բայց ինչն ավելի կարևոր է, անհրաժեշտ էր միջազգային անուն ընտրել: Աղջկա մեջ տարբեր արյուններ էին խառնված, և արևելյան ու արևմտյան արմատների այնքան բարդ միահյուսում էր, որ ծնողները պարզապես պարտավոր էին երեխային այնպիսի անուն տալ, որ նա երկրագնդի զանազան կետերում անհարմարավետության զգացողություն չունենար: Ու այդ անունը շատ հաջող էր ընտրված:

Աղջկա բախտը բերել էր: Նա ծնվել էր, այսպես ասած, «բարեկեցիկ ընտանիքում»: Իր կյանքի առաջին օրերից նա շրջապատված էր սիրով ու հոգատարությամբ: Նրան կերակրում էին, սնուցում, դաստիարակում, կրթում և չափավոր կերպով երես տալիս: Արևիկը քնում և արթնանում էր դասական երաժշտության ներքո: Ցանկացած եղանակի (և՛ արևին, և՛ ձյանը, և՛ անձրևին) աղջիկը զբոսնում էր, հաղորդակից լինում բնությանը, զբաղվում էր ֆիզկուլտուրայով: Շատ կարդացած լինելով ամեն տեսակ իմաստալի գրքեր և ղեկավարվելով սեփական փորձով՝ այդ ամբողջ բարեբախտությունը նրա համար ապահովում էին ընտանիքը և մերձավոր ազգականները: Փորձությո՞ւնն էր լավ, թե՞ բավական խելացի գրքեր էին ձեռքն ընկել, միայն թե աղջիկն ապրում էր ինչպես հեքիաթում: Բայց, մեծանալով, Արևիկն ակսեց հասկանալ, որ իրական կյանքը տարբերվում է գրքերում նկարագրվածից: Կյանքում շատ բաների պարզապես հնարավոր չէր որևէ մեկնաբանություն տալ, դե մեծահասակներն էլ միշտ չէ, որ կարողանում էին նրան բացատրել այդ տարբերությունները:

Հավանաբար, ինչպես երեխաների մեծամասնությունը, շատ զննող երեխա էր: Նա հետևում էր մեքենաներին, մայթերով քայլող մարդկանց: Այդպես նա սովորեց ճանաչել տրոլեյբուսները, ավտոբուսները, տրամվայները, բեռնատար մեքենաները, երթուղային տաքսիները, ինչպես նաև ավտոմոբիլների մակնիշները: Նրան սովորեցրել էին փողոցում և մեքենայում վարվելաձևի կանոնները: Արևիկը աշխույժ աղջիկ էր, և նրա համար դժվար էր ամբողջ ճանապարհին մինչև վերջ հանգիստ նստել վարորդի հետևում դրված թիկնաթոռին: Նա անդադար ցանկանում էր տեղավորվել մեծերի գրկում, դեսուդեն շուռ գալ մեքենայի մեջ, թափահարել ոտքերը:

Երբ Արևիկը երկուսուկես տարեկան էր, մի անգամ հարցրեց.

– Իսկ եթե որևէ երեխա հրաժարվում է նստել թիկնաթոռին կամ կոճկվել, այդ ժամանակ ի՞նչ կլինի:

– Քեռի ավտոտեսուչը մեքենայի վարորդին կտուգանի ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, – պատասխանեց տատիկը:

– Եվ նրա մոտ փող չի մնա՞ երեխային խաղալիք գնելու համար, – շարունակեց Արևիկը: